25 հոկտեմբերի 2020 - 10:46 AMT
Էրդողանը գուժել է Եվրոպայի անկումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերիում ունեցած ելույթում հայտարարել է, որ «ճակատ բացելով մահմեդականների դեմ», Եվրոպան մոտեցնում է իր անկումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանն այդ հայտարարությունն արել է՝ անդրադառնալով Բեռլինի մզկիթներից մեկում ոստիկանության գործողությանը՝ երբ, նրա խոսքով, մոտ 150 ոստիկան կոշիկով քայլել է աղոթքի գորգերի վրայով։

Ըստ Էրդողանի, նման «ոտնձգությունը Եվրոպայի քաղաքացի հանդիսացող մահմեդակնների իրավունքների դեմ» վկայում է այն մասին, որ «եվրոպական ֆաշիզմը նոր փուլ է մտնում»։

«Եթե նրանք որքան հնարավոր է շուտ չձերբազատվեն դրանից, այդ հիվանդությունը ներսից կքայքայի Եվրոպան»,- ասել է նա։

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս «հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»։

Ֆրանսիան դրանից հետո հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհդրակցությունների համար։ Իր հերթին, Մակրոնն Էրդողանի խոսքերը որակել է վիրավորանք և հայտարարել, որ նա չափերն անցել է։

Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Ֆրանսիան ընդգծել էր, որ թուրքական կողմից աջակցության և ցավակցության ուղերձներ չեն ստացել՝ կապված Սամուել Պատիի մահվան հետ։