27 հոկտեմբերի 2020 - 19:22 AMT
ՀՀ-ից ու Արցախից Բարդայի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել․ Կատարյալ սուտ է ու կեղտոտ սադրանք

Հայաստանի զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք»,-գրել է նա։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, Ադրբեջանը, շարունակելով խախտել հայտարարված հրադադարը, անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը (Մեղրի-խմբ․): ՊՆ-ից հայտնել էին, որ պատասխան գործողություններ են եղել ու զգուշացրել՝ պետական սահմանի խախտման դեպքում ողջ զինանոցն ենք կիրառելու։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։