27 հոկտեմբերի 2020 - 19:59 AMT
Դիվերսիայի փորձեր՝ Ասկերանի վերին ենթաշրջաններում

Արցախում հոկտեմբերի 27-ի երեկոյի դրությամբ հակառակորդի թիրախում կրկին Ասկերանի վերին ենթաշրջաններն են` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը, հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը, փոխանցում է Armenpress-ը։

«Իրավիճակն այս պահին Հանրապետությունում կայուն լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաև աշխատում են մեր և հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- նշել է Թադևոսյանը:

Նա նշել է, որ Մարտակերտի և Մարտունու հատվածներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

«Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք»,-ասել է Թադևոսյանը:

Արցախի ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` մայրաքաղաք Ստեփանակերտում օրվա ընթացքում իրավիճակը նույնպես հանգիստ է եղել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։