29 հոկտեմբերի 2020 - 10:04 AMT
ԿԽՄԿ․ Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետևանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը։ Այդ մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպեի հայտարարության մեջ։

ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտում է բռնության վերջին ալիքը, որի հետևանքով քաղաքացիական զոհերի թիվը կտրուկ աճել է։

«ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և ծանրագույն վշտի»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հակամարտության սրացման սկզբից, ԿԽՄԿ-ն հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները։ Նշվում է նաև, որ ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։

Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։