29 հոկտեմբերի 2020 - 12:52 AMT
ՊԲ-ն հրապարակել է Գյանջայում և Բարդայում լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հայկական զորքերի համար Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։

Գյանջայում դրանք են․

· ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,

· ԶՈւ գլխավոր շտաբի մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր,

· Ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադ,

· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

· ԶՈւ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,

· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,

· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Բարդայում այդ նշանակակետերն են․

· 1-ին բանակային կորպուսի շտաբ,

· Վերանորոգման գումարտակ,

· Կապի առանձին գումարտակ,

· Զենիթահրթիռային դիվիզիոն,

· Տանկային բրիգադ,

· Հակատանկային դիվիզիոն։

Ադրբեջանը շարունակ թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը, մարդասիրական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները։ Հայկական կողմը զգուշացրել է, որ Պաշտպանության բանակը լռեցնելու է հայկական բնակավայրերին թիրախավորող կրակակետերը, այդ թվում՝ լեգիտիմ նշանակակետեր թիրախավորելով։

Ադրբեջանի ժողովրդին Արցախը խորհուրդ է տվել լքել իրենց բնակավայրերը, որոնց մոտակայքում ռազմական օբյեկտներ կան։ Բացի, այդ Ադրբեջանը սովորության համաձայն իր հրթիռահրետանային կայանները տեղակայում է քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ, գյուղերում, բնակավայրերի թիկունքներում և ապա մեղադրում հայկական կողմին՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։