29 հոկտեմբերի 2020 - 15:39 AMT
ՀՀ ԱԳՆ․ Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը ձախողվելու է

Ադրբեջանը ձգտում է իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ միաժամանակ ծավալելով կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը, հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Ըստ ԱԳՆ-ի՝ չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

Արտաքին գերատեսչությունից նշել են, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումների, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումների։

ԱԳՆ-ում հայտարարել են, որ խաղաղ բնակչության դեմ կատարվող պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

Ադրբեջանը շարունակում է հրթիռային հարվածների տակ պահել Արցախի քաղաքներն ու խաղաղ բնակավայրերը։ Հոկտեմբերի 29-ին հրթիռակոծվել են Ստեփանակերտը, Մարտակերտն ու Շուշին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։