29 հոկտեմբերի 2020 - 17:04 AMT
Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշն ու Էրդողանի և Ալիևի լուսանկարները

Լիբանանի հայերը մայրաքաղաք Բեյրութում բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Ցուցարարները դատապարտել են Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և պահանջել դադարեցնել Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա:

Հոկտեմբերի 26-ին ակցիայի մասնակիցներն ի նշան բողոքի այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները, գրում է GalaTV-ն։

Ցուցարարները վանկարկել են «Էրդողանն ահաբեկիչ է»։ Ներկաները նաև ազգային-ազատագրական երգեր են կատարել:

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարությամբ դատապարտել է Լիբանանում իրենց դեսպանատան առջև թուրքական դրոշի ու նախագահի լուսանկարն այրելու միջադեպը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։