29 հոկտեմբերի 2020 - 18:22 AMT
Պուտին․ ԼՂ կարգավորման համար պետք է գտնել ՀՀ և Ադրբեջանի շահերի բալանսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ընթացքում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ ԼՂ կարգավորումը հեշտ լուծումներ չունի։

«ԼՂ հակամարտության հանգուցալուծման համար հարկավոր է գտնել ՀՀ և Ադրբեջանի շահերի բալանսը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Որպես կարգավորման առաջին փուլ Պուտինը նշել է մարտական գործողությունների դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը։

«Մեր դիրքորոշումը բացարձակապես բաց է, մենք միշտ խոսել ենք 5 և ևս 2 շրջաններն Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին և Ղարաբաղի որոշակի կարգավիճակի ապահովման, Հայաստանի հետ փոխգործակցության ապահովման առումով և այլն», - ասել է Պուտինը։

«Ո՞րն է երկարաժամկետ կարգավորումը։ Պետք է գտնել շահերի բալանսը, որն ընդունելի կլինի երկու կողմի համար՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդի, որին մենք հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հայ ժողովրդի և Հայաստան պետության շահերը։ Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան և միաժամանակ հնարավորություններ լինեն արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար՝ ապաշրջափակմամբ և բոլոր ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացմամբ, որոնք հիմք կդառնան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Ria Novosti