30 հոկտեմբերի 2020 - 17:17 AMT
ՀՀ նախագահը ցավակցել է Մակրոնին․ Ահաբեկչությունն ու մոլեռանդությունն անսահման են, լուրջ սպառնալիք են

Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են հասարակությունների համար: Այդ մասին ասվում է նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրում՝ հասցեագրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

«Մենք պետք է համախմբենք մեր ջանքերը՝ պայքարելու այդ աղետի դեմ»,-ասվում է հեռագրում։

«Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիսի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք:

Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք»,- ասված է ուղերձում:

ՀՀ նախագահը, մաղթելով բարեկամ ֆրանսիացի ժողովրդին արիություն, վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, «կհաղթահարի նաև այս մարտահրավերը»:

Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցում ահաբեկչություն է եղել, հանցագործը սպանել է երեք մարդու, այդ թվում մեկ կին է գլխատվել։Կան նաև վիրավորներ։

Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու՝ դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, թե մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։