30 հոկտեմբերի 2020 - 18:41 AMT
Թաթոյանը ԵՄ դեսպանին փաստեր է ներկայացրել խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի վայրագություններից

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին է փաստեր է ներկայացրել խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների։

Փաստեր են ներկայացվել այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։

Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր:

Կողմերն ընդգծել են երկու կառույցների համագործակցության կարևորությունը և պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։