30 հոկտեմբերի 2020 - 20:00 AMT
Փաշինյան․ Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կրկին համեմատել է Չեխոսլովակիայի հետ։

«Ի՞նչը կարող էի այլ կերպ անել, որպեսզի այս պատերազմը տեղի չունենար: Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ: Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կար տարբերակ՝ ագրեսիան կանխելու:

Վարչապետի խոսքով՝ Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա։

«Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսվեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ինչի՞ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին»,- նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղն ավելի շատ զիջի․ «Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը: Որովհետև, իհարկե, փոխզիջում, բայց չեն կարող, մի կողմից (Հայաստան- հեղինակի կողմից), այդ զիջումները լինել անվերջ, իսկ, մյուս կողմից (Ադրբեջան- հեղինակի կողմից), չշարժվեն ընդհանրապես: Միայն այն պատճառով, որ մի կողմն ավելի շատ փող ունի՝ ավելի շատ զենք գնելու համար»:

Ավելի վաղ Փաշինյանը նույնպես հիշել էր Մյունխենյան համաձայնագիրը՝ ԼՂ խնդրի հարցում «մի շարք երկրների» դիրքորոշման ֆոնին։ Նա տարօրինակ էր որակել այն, որ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չեն գնահատել վտանգը։

Մյունխենյան համձայնագիրը 1938-ին Չեխոսլովակիայի տարածքների զավթումն է Գերմանիայի ու, մասամբ, Լեհաստանի ու Հունգարիայի կողմից՝ Անգլիայի, Ֆրանսիայի ու եվրոպական այլ տերությունների համաձայնությամբ։ Այն ֆրանս-անգլիական «խաղաղեցման քաղաքականության» մի մաս էր, որը նպատակ ուներ հետ պահել Եվրոպան Գերմանիայի հետ պատերազմից, սակայն ավելի ուշ հանգեցրեց ողջ Չեխոսլովակիայի օկուպացմանը ու որևէ կերպ չկանխեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։