30 հոկտեմբերի 2020 - 20:50 AMT
Իրանի ԱԳ փոխնախարարը ցավակցել է զոհված քաղաքացիների համար, դատապարտել քաղենթակառուցվածքների թիրախավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին, որն իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ և դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը:

Պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, անհանգստություն հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ՝ դիտարկելով այն որպես ընդլայնման ներուժ պարունակող վտանգ, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը:

Վարչապետը հայտնել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել դրանց կարևորությունը:

Արաղչին ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։