30 հոկտեմբերի 2020 - 22:28 AMT
ՊՆ․ Կապանի ուղղությամբ կրակ է եղել, հետևանքներ կան, Արցախում մարտերը շարունակվում են

Հոկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերն Արցախում հարձակում են նախաձեռնել մի քանի ուղղություններով, օրվա ընթացքում մարտական գործողություններ են եղել նաև Կապանի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈւ-ից այս ուղղությամբ կրակ է արձակվել, կան հետևանքներ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Վաղ առավոտյան Արցախի հյուսիսում ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո ադրբեջանական ուժերը հետևակով փորձել են գրոհել մի քանի դիրքի ուղղությամբ, կոտորվել են, զգալի թվով դիակներ են դաշտում թողել։

Ամբողջ օրը հարավում ևս մարտերը շարունակվել են, դիրքային որոշ առավելություններ ունենք, սակայն մարտական գործողությունները դեռ ընթանում են։

Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախի կենտրոնում 2 առանձին պրոցես է եղել․ առաջինում` Մարտունի-Ճարտար ուղղությամբ փորձել են ճեղքել ռազմաճակատը, ինտենսիվ մարտական գործողություններով, գրոհիչ խմբեր ու խիտ կրակով հրետանի է կիրառվել, դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերի ուղղությամբ դիվերսիոն ահաբեկչական հրոսակախմբերի դեմ պայքարն արդյունք է տվել, լավ ցուցանիշներ կան, ռազմաբազա է չեզոքացվել, բայց այստեղ ևս մարտերը շարունակվում են։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ադբեջանական ուժերը ռազմական օբյեկտները տեղադրում են խոշոր քաղաքներում, իսկ իրենք նպատակադրված թիրախավորում են խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։