31 հոկտեմբերի 2020 - 10:06 AMT
ՊԲ․ Թշնամին շարունակում է թիրախավորել բնակավայրերը, կիրառել սպիտակ ֆոսֆորով զինատեսակ

Հոկտեմբերի 31-ի առավոտյան մարտական գործողությունները հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում վերսկսվել են: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:

ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։