2 նոյեմբերի 2020 - 12:54 AMT
Զորակոչված ու կամավորագրված վարկառուներին անհատական մոտեցում կցուցաբերվի․ Տույժ-տուգանքներ չեն լինի

Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի, հայտնում են Հայաստանի բանկերի միությունից։

«Ռազմական դրության ավարտից հետո կդիտարկեն օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը: Այս նպատակով յուրաքանչյուր բանկ, հիմք ընդունելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ»,-հայտարարել են միությունից։

Ռազմական դրության ժամանակահատվածում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառված տույժ-տուգանքների կամ վարկերի դասակարգումների դեպքերի մասով ևս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում, կտրվեն համարժեք լուծումներ: