5 նոյեմբերի 2020 - 13:28 AMT
Փոխնախարար․ Արձակուրդից հետո տարրական դասարանների աշակերտները, երևի, առկա կսովորեն

Աշնանային արձակուրդից հետո կրթության գործընթացի կազմակերպման հավանական տարբերակը տարրական մակարդակում առկա ուսուցումն ապահովելն է։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ միջին և ավագ դասարանների համար առաջարկվում է տարբերակված մոտեցում, գրում է Aysor.am-ը:

«Համայնքներում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում՝ հիմնականում գյուղական և փոքր, իրավիճակային լուծում կիրառել: Եթե ունենք կորոնավիրուսի դեպքերի շեմ, որը 10 տոկոս և ավելի է, դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, հետո կվերադառնա առկա ուսուցման: Եթե դեպքերը նշվածից ցածր են, ուսումնական պրոցեսը կարող են սկսել», - մանրամասնել է Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է, որտեղ միջին և ավագ օղակները նախընտրել են, որ կրթությունը հեռավար ուսուցմամբ շարունակեն: Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին վերջնական որոշում կլինի:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ Արցախից ժամանած զգալի թվով երեխաներ ընդգրկվել են դպրոցներում: Նրա խոսքով՝ այդ երեխաներն իրենց կրթությունը կարող են շարունակել նաև ուսումնարաններում, քոլեջներում:

«Որոշ վայրերում նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա՝ պայմանավորված աշակերտների թվով: Այստեղ առաջնահերթությունը տրվելու է Արցախից Հայաստան ժամանած ուսուցիչներին», - ասել է նա։

Արցախցի դպրոցական և նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել են կրթության իրավունքից։