Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում դաշնակից Ռուսաստանի Մի-24 ուղղաթիռի խոցումն ակնհայտ ագրեսիա է, հայտարարել է վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, փոխանցում է Armenpress-ը։
«Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է և հարձակում թե Հայաստանի, թե ՌԴ վրա: Ադրբեջանի Հանրապետությունն ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռչում է Հայաստանի տարածքով և ակնհայտ է, որ իրենից վտանգ չի ներկայացրել: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը»,- ասել է վարչապետի խորհրդականը։
Ըստ Հարությունյանի՝ խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումն ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության, այս դեպքում՝ Ռուսաստանի վրա։
«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք, և այս առումով որևէ փաստարկ համոզիչ չէ»,- ասել է Հարությունյանը՝ անհրաժեշտ համարելով ուսումնասիրել նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։