Ռուսաստանցի խաղաղապահները Ուլյանովսկից Իլ-76 ինքնաթիռով ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունոը։
Ղարաբաղում կտեղակայվի 1970 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։