Ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»,- ասել է նա, փոխանցում է Ilur.am-ը։
17 կուսակցություն նոյեմբերի 11-ին հանրահավաք է հրավիրել, որում «կներկայացվի ստեղծված իրավիճակից ելքը»: Ոստիկանությունից արդեն հիշեցրել են, որ սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում հաստատված ռազմական դրությամբ արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընթերցեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը