24 փետրվարի 2009 - 16:31 AMT
2008թ. լրագրողների իրավունքների ամենատարածված խախտումը եղել է ցենզուրան
Այսօր Խոսքի ազատության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրել են Հայաստանի զանգվածային լրատվական միջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին ամենամյա զեկույցը 2008թ. համար: Զեկույցի ներկայացման ընթացքում Մեսրոպ Հարությունյանը զուգահեռներ անցկացրեց 2003թ. եւ 2008թ. լրագրողների իրավունքների խախտման փաստերի միջեւ: Հենց 2003թ. եւ 2008թ. Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: «Ինչպես բոլորին հայտնի է, այդ ժամանակ ամենից հաճախ են նման խախտումներ արձանագրվում»,- ասել է Աշոտ Մելիքյանը:

Ներկայացված զեկույցի համաձայն, 2003թ. արձանագրվել է նման խախտումների 25 դեպք, իսկ 2008թ. դրանց թիվը հասել է 48-ի: Փորձագետներն այդ խախտումները բաժանեցին մի քանի խմբի: Առաջին խմբի մեջ մտնում է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունը, երկրորդի մեջ` ԶԼՄ եւ նրա աշխատակիցների վրա գործադրվող ճնշումը, երրորդ խումբը տեղեկատվության ստացման եւ տարածման իրավունքի խախտումն է:

Բայց, ինչպես նկատեցին զեկույցի հեղինակները, ամենից շատ հայկական ԶԼՄ-ը եւ լրագրողները բախվում են ցենզուրայի հետ: Եթե անցյալ տարի ԶԼՄ դեմ կիրառվում էին կոծկված ցենզուրայի զանազան մեթոդներ, ապա 2008թ., երկրի տեղեկատվական կազմակերպությունների գնահատմամբ, հատկապես կառավարության եւ ընդդիմության միջեւ հակամարտությունների ժամանակ, ցենզուրան, որը օրենքի խախտում է հանդիսանում, բացահայտ կիրառվում էր: Մեսրոպ Հարությունյանի խոսքով, կառավարությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի լրագրողների եւ ԶԼՄ համար եւ պահպանի խոսքի ազատության իրավունքը: