12 նոյեմբերի 2020 - 18:50 AMT
ՊՆ․ Ճշտվում են գերեվարված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ճակատագրերը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում: Արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու և գործընթացն իրականացնելու համար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սահմանված կարգով սկսել է կատարել հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին:

Աշխատանքներ են տարվում անհետ կորածների մասին առկա օրենսդրական դաշտի, ինչպես նաև վիրավորված կամ զոհված զինծառայողներին տրամադրվող հատուցումների գործող կարգի պարզեցման և հատուցումների տրամադրման ժամկետների կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների մշակման ուղղությամբ»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: