Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը։
«Մահացավ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը…Աստված հոգիդ լուսավորի հերոս մարդ»,- ասվում է գրառման մեջ։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հեղափոխությունից անմիջապես հետո` 2018-ի հունիսին: 2019-ի մայիսից մեկնարկած դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին նրա վատառողջ լինելու պատճառով։ 2020-ի հունարին առողջական խնդիրների խնդիրների պատճառով նա ազատվեց կալանքից:
Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի պայմաններում, չնայած վատթարացող առողջությանը, մեկնել էր Արցախ և փորձել օգտակար լինել։ Հոկտեմբերի 21-ին նա բժիշկների պահանջով ռեանիմոբիլով շտապ տեղափոխվել էր Հայաստան։
Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: