20 նոյեմբերի 2020 - 18:27 AMT
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն առաջարկել է առաքելություն գործուղել Արցախ

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն կազմակերպությունում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել էփորձագիտական առաքելություն գործուղել Արցախ մշակութային ժառանգության պահպանության համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական ծառայությունների օգնությունը, որոնք մինչ այս չէին կարող այցելել այդ տարածք։ Նրանք կարող են տեղում կատարել իրենց առաքելությունը բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ՝ կազմելու առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական հաշվառում տարածաշրջանի ժառանգության պաշտպանության նպատակով»,- ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած կոմյունիկեում։

Ռուսաստաի հայտնի մշակութային գործիչները, այդ թվում` դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, գրող Զախար Պրիլեպինը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը և այլոք բաց նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով նպաստել Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։

Ֆրանսիական Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործչի և մտավորականի կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի: Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։