24 նոյեմբերի 2020 - 10:23 AMT
Ռիտա Սարգսյանին վերջին հրաժեշտը խիստ ընտանեկան միջավայրում կանցկացվի

ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյանկը։

Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։

«ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը», - ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին արտերկիր:

Ռիտա Սարգսյանը ծնվել էր 1962 թվականին՝ Ստեփնակերտում։ 2010 թվականից նա արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հիմնադրամի ջանքերով վերակառուցվել և վերազինվել է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։

Առաջին տիկինը 2011 թվականին ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը: Դրա նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Նրա ջանքերով 2012-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որի միջոցներով կառուցվել է հատուկ դպրոց։