25 փետրվարի 2009 - 17:01 AMT
Մշակույթի գործիչները Տիգրան Սարգսյանին ծանոթացրել են իրենց հուզող խնդիրների հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ մշակութային գործիչների հետ, ովքեր ներկայացնում են տարբեր բնագավառներ` երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, գրականություն, նկարչություն եւ այլն։ Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման նպատակն էր` մշակույթի գործիչների հետ մտքեր փոխանակել նրանց մտահոգող խնդիրների շուրջ, լսել դրանց լուծման ուղղությամբ հրավիրված գործիչների առաջարկությունները, քննարկել ոլորտի արդիական հարցերը եւ փոխադարձաբար նրանց ներկայացնել ՀՀ կառավարության քաղաքականությունը, մոտեցումներն ու առկա խնդիրները համատեղ լուծելու հնարավորությունները։
Վարչապետը նշել է, որ պատրաստ է պարբերաբար նմանատիպ հանդիպումներ ունենալ մշակույթի գործիչների հետ, պատրաստ է երկխոսության, եւ հանդիպման ընթացքում հնչած առաջարկություններն ու բարձրացված խնդիրները առանձին քննարկման առարկա կդարձնի Մշակույթի նախարարության հետ` ճշտելու, թե պետությունը դրանց ո՞ր մասն է ի վիճակի այսօր լուծելու, ի՞նչ առաջնահերթությամբ` նկատի առնելով նաեւ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված դժվարությունները։
Տիգրան Սարգսյանը խոստացել է մշակույթի ոլորտին վերբերող որեւէ որոշում կառավարությունում չընդունել` առանց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկելու, առանց որոշումների կայացման գործընթացում հասարակական կազմակերպություններին եւս ներգրավելու եւ հասարակական վերահսկողություն ապահովելու. «Առաջարկում եմ համագործակցություն եւ համատեղ աշխատանք` լուծելու այն խնդիրները, որոնք այսօր մտահոգում են ինչպես ձեզ, այնպես էլ կառավարությանը»,- ասել է վարչապետը մշակույթի գործիչների հետ հանդիպման ավարտին։-ապ-