24 նոյեմբերի 2020 - 11:14 AMT
Le Monde. ՀՀ-ի ջախջախված հույսերը՝ հեղափոխությունից հետո

Թավշյա հեղափոխությունից 2․5 տարի անց Լեռնային Ղարաբաղում պատերազմը ոչնչացրել է հեղափոխության բերած հույսերը. ֆրանսիական Le Monde-ն անդրադարձել է հետհեղափոխական ու հետպատերազմյա Հայաստանին՝ համադրելով 2․5 տարի առաջվա հեղափոխության ու սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հույսերն ու հետևանքները։

Հոդվածագիրը նկարագրել է պատերազմից հետո Երևանի փողոցներում հաճախ հանդիպող իրավիճակներ․ 18-ամյա երիտասարդները վերադառնում են ընկերոջ թաղումից, հարազատները որոնում են անհետ կորած զինվորի, փախստականները Ֆրանսիայի դեսպանատան առաջ են։

Հոդվածում նախ հիշեցվում է, որ 2․5 տարի առաջ ՀՀ-ում բոլորովին այլ տրամադրություն էր, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսել էր քայլերթ երկրով մեկ՝ «տապալելու վարչապետ Սերժ Սարգսյանի կոռումպացված, ավտոկրատ և Կրեմլին մոտ կանգնած հետխորհրդային ռեժիմը»։

«2.5 տարի անց պատերազմը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրեց այդ հույսերը և Հայաստանը շոկային իրավիճակում հայտնվեց։ Այժմ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու բարեփոխումների հետ, և արդյոք (վարչապետ) Նիկոլ Փաշինյանը, որը ճնշել է տեղական մանր կոռուպցիան, վերջապես լուծելո՞ւ է խոշոր օլիգարխների հարցը։ Առաջնահերթությունները կոնկրետ փոխվել են։ Երկրին դեռ պետք է վերապրել ջախջախիչ պարտությունը, որի արդյունքում զոհվեց առնվազն 2300 մարդ, պետք է ընդունել 100,000 փախստականի հոսք և հաղթահարել կորոնավիրուսի դեպքերի պայթյունավտանգ աճը, քանի որ հիվանդանոցներում ազատ տեղ չկա և սպասվում է տնտեսական լուրջ ճգնաժամ»,- մեջբերում է Aravot.am-ը։

Հոդվածում նաև ներկայացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի տեսակետը․ նա նշում է, թե «Հայաստանը հասել է հատակին և երկրի համար 2020-ը 0 տարի էր»:

«Հեղափոխության ընթացքում հայերը երազում էին նոր ապագայի մասին։ Այժմ նրանց հետապնդում են 1915 թվականի Ցեղասպանության հիշողությունները, որն իրականացվել է իրենց ադրբեջանցի և թուրք թշնամիների հաղթանակից հետո, և նրանց մոտ պարզ հարց է առաջացել՝ կարո՞ղ են արդյոք գոյատևել»,- եզրափակում է Le Monde-ը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: