24 նոյեմբերի 2020 - 11:26 AMT
«Իմ քայլի» պատգամավորները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են արցախահայության կարիքները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ:

Նրանք քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես՝ արցախահայության կարիքները հոգալուն և մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Կարևորվել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը և ՅՈւՆԵՍԿՕ-ում դրա բարձրաձայնումը:

Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ պատրաստակամ են աջակցել և ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:

Կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: