24 նոյեմբերի 2020 - 11:37 AMT
ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ Արցախում

ՄԱԿ մասնագետները պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ հումանիտար աջակցության ծավալի գնահատման համար։ Այդ մասին հայտարարլ է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ի պատասխան ՌԴ հարցմանը, որտեղ նշվում է ռուսական Հումանիտար աջակցության միջգերատեսչական կենտրոնի դերն ու աշխատանքների բնույթը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը հաստատել է, որ կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման և մյուս դեպարտամենտները պատրաստ են գործակցել և քննարկել տեղում համատեղ գործողությունների հնարավորությունը։ Դա հարկավոր է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում սկզբնական անկախ փորձաքննության համար՝ լիարժեք հասկանալու տարածաշրջանում հումանիտար պահանջները, հենց որ դա հնարավոր լինի»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Դյուժարիկը նաև ասել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ շեշտելով երկրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ՄԱԿ պատրաստակամությունը։

«Հուսով ենք, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա հասցնել օգնությունը հակամարտությունից տուժած բոլոր մարդկանց և շրջաններին»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ՝ նահանջելով 4 տարածքից և Հադրութից։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը կորցրեց Շուշին, հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։