24 նոյեմբերի 2020 - 12:12 AMT
Reuters․ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև հակասություն կա ԼՂ-ում միայն թուրքական դիտորդական կետի ստեղծման հարցով

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև անհամաձայնություն է ծագել՝ կապված թուրքական կողմի՝ միասնական դիտորդական կենտրոնից անկախ ռազմական կենտրոն բացելու ցանկության հետ, փոխանցում է Reuters-ը՝ թուրքական իր աղբյուրներին հղումով։

Նոյեբերի 11-ին Թուրքիայի և ՌԴ պաշտպանության նախարարությունները ստորագրել էին հուշագիր՝ ԼՂ-ում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին։ Ըստ նրանց՝ կենտրոնը հետևելու էր ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և տեղակայվելու էր Ադրբեջանի տարածքում։

Reuters-ի տվյալներով՝ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև շարունակվում են համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի մասին քննարկումները, սակայն Անկարան պնդում է, որ ցանկանում է ստեղծել սեփական դիտորդական կետ՝ անկախ միասնականից։ Ըստ թուրքական կողմի՝ դա իրենց անհրաժեշտ է։

Աղբյուրի պնդմամբ՝ այդ հարցով քննարկումները կշարունակվեն Մոսկվայում, իսկ թուրքական կողմը հույս ունի հասնելու փոխզիջումային տարբերակի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։