24 նոյեմբերի 2020 - 12:51 AMT
ԱԱԾ․ Գերիների մասին անհայտ ծագման տեսանյութեր են շրջանառվում, Արցախի հետ կապ չունեն

Համացանցում լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

ԱԱԾ-ից նշել են, որ օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Կառույցից հորդորել են զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։