24 նոյեմբերի 2020 - 13:32 AMT
ՀՀ նախագահը՝ Հորդանանում․ Կա փոխվստահություն, կարող ենք աշխատել հանուն ապագայի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը կարճատև աշխատանքային այցով Հորդանանում է, թագավոր Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնիի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչվեն, կստեղծվի ավելի խոր համագործակցություն:

«Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի։ Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած դժվար վիճակից ելքի հույս կա։

Նախագահ Սարգսյանը Հորդանանի թագավորին հանգամանորեն տեղեկացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքների և այդ համատեքստում ստեղծված իրավիճակի մասին: Հորդանանյան կողմը նշել է, որ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին՝ Հայաստանի նախագահն ու Հորդանանի թագավորը պատրաստակամություն են հայտնել առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: Նրանց խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները․ Հորդանանը, ինչպես Հայաստանը, մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում, Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերին, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ մտահոգություն առաջացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերին, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերի հետ:

Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը։

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ իբն Ալ-Հուսեյնը մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է: