24 նոյեմբերի 2020 - 16:35 AMT
Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել ՀՀ՝ Covid-19-ի դեմ պայքարին աջակցելու

Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով ՀՀ առողջապահության նախարարության դիմումին ի պատասխան Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել Հայաստան՝ 5 շաբաթով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու, փոխանցում են UK-Med-ից։

Բժիշկները UK-Med հասարակական կազմակերպությունից են, նրանց՝ ՀՀ գալը հնարավոր է դարձել UK Aid-ի ֆինանսավորմամբ։

Համաճարակների ու արտակարգ իրավիճակների ուղղությամբ մասնագիտացած թիմը ղեկավարում է UK-Med-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Վայթվիքը։

Նա նշել է, որ իրենք պատրաստվում են աջակցել հայ բուժաշխատողներին, որոնք ծանր հիվանդների են բուժում, խորհրդատվություն տրամադրել վարակների վերահսկման հարցում՝ պահպանելով բուժանձնակազմի ու պացինետների առողջությունը։

UK-Med-ը Հայաստանին աջակցել է նաև 1988-ի երկրաշարժի ժամանակ։

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 127,522-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 813-ով։ Առողջացածների ընդհանուր թիվը 98,944 է, փաստացի բուժվողներինը` 26,069-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2002 դեպք կա, այլ պատճառով՝ 507: