24 նոյեմբերի 2020 - 14:30 AMT
ԿԽՄԿ նախագահ․ Պետք է արագ գործել և մինչև ձմեռվա սկիզբ ԼՂ-ում մարմինները հայտնաբերել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը զգուշացրել է, որ եթե ԼՂ հակամարտության մարտի դաշտից մինչև ձմեռվա սկիզբ դուրս չբերվեն զոհվածների մարմինները, հետագայում նրանց նույնականացումն ավելի կբարդանա։

Նրա խոսքով՝ մարմինների փոխանակման գործընթացը շատ բարդ առաջադրանք է, երկու կողմն արդեն որոշ մարմիններ են գտել, ուղարկել մորգեր՝ նույնականացման համար՝ մահացածը յուրային է, թե՝ ոչ։

«Սակայն հիմա ամեն կողմը գտնում է մարմիններ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից, որոնք հեշտ է գտնել։ Բարդությունը շփման և ռազմաճակատի գծում որոնողական աշխատանքներն են․ որտեղ ընթացել են մարտեր, որտեղ կան ականներ, մարմիններ գտնելը շատ բարդ է։ Եվ ես կարծում եմ, որ հենց այստեղ է պետք հայ, ադրբեջանցի և ռուս զինվորականների համագործակցությունը»,- նշել է նա։

Հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի կառավարության զգուշացրած էկոլոգիական աղետը մարմինները դուրս չբերելու պատճառով, նա պատասխանել է, որ հնարավոր են տհաճ հետևանքներ, հնարավոր է հողի վարակում։

«Կարող են նույնականացման բարդություններ լինել, եթե մարմինները չհայտնաբերվեն մինչև ձմեռվա սկիզբ, որովհետև հավանականություն կա, որ ձմռանը կսկսի աճյունների քայքայում։ Եվ մենք մեր նախկին փորձով գիտենք, որ արագ չգործելու դեպքում մենք ուղղակի կբարդացնենք անհետ կորած մարդկանց շուրջ հետագա դիսկուրսները։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ նախորդ պատերազմը 28 տարի առաջ է վերջացել, բայց մինչ օրս մեր ցուցակներում 4500 անհետ կորած կա»,- ասել է Մաուրերը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նոյեմբերի 10-ի պատերազմը դադարեցնելու ՀՀ, Ադրբեջան և Ռուսաստան եռակողմ հայտարարության կետերից մեկով նախատեսվում է զոհվածների մարմինների և գերիների փոխանակում։ Զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արդեն ընթանում է, գերիների փոխանակումը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կսկսվի մարմինների փոխանակումից հետո։