24 նոյեմբերի 2020 - 14:39 AMT
Արշակ եպիսկոպոս․ Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպել եմ ԱԱԾ ներկայացուցիչների հետ

Մայր աթոռի դիվանապետ եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը հայտարարել է, որ օրեր առաջ ոչ իր նախաձեռնությամբ և ոչ իր առաջարկած վայրում հանդիպում է ունեցել ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն:

«Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել: ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ», - ասված է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հայտարարության մեջ:

Անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա»՝ Խաչատրյանը գրել է․ «Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը»:

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: