24 նոյեմբերի 2020 - 15:02 AMT
Ոստիկանությունը խուզարկել է «Քառյակ Մեդիայի» համահիմնադրի տունը

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս ասել է, որ խուզարկություն է իրականացվել այն գործով, որով մեղադրանք է առաջադրվել իրեն, գրում է Aysor.am-ը։

Հակոբյանն ավելի վաղ ձերբակալվել էր զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով։ Նա մի շարք այլ գործիչների հետ մասնակցել է Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավքներին։

«Չեն գտել ոչինչ: Փոխարենն առգրավել են գործի ու իրադարձությունների հետ կապ չունեցող ինչ-որ բաներ: Այս ամենը տեղի է ունեցել խախտումներով, որովհետև դատարանի որոշման մեջ ամրագրված է՝ քննիչներից ով պետք է կատարեր խուզարկությունը, բայց խուզարկությունն այլ անձ է կատարել», - ասել է նա:

Նրա խոսքով՝ ցուցակներ, «ռուպռներ» ու իբրև թե ապօրինի հավաքի հետ կապված ինչ-որ պարագաներ են փնտրել, որոնք բնակարանից չեն հայտնաբերել:

Հակոբյանը եղածը որակել է Փաշինյանի կողմից անձամբ հրահանգավորված ապօրինությունների շարունակություն:

«Սա շարքային, փնթի կազմակերպված քաղաքական հետապնդում է, որն արդյունք չի տալու», - նշել է Հակոբյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ՝ նահանջելով 4 տարածքից և Հադրութից։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը կորցրեց Շուշին, հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Հայտարարության հրապարակումից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրահավաքներ և այլ ակցիաներ են կազմակերպում վարչապետի հրաժարականի պահանջով։