24 նոյեմբերի 2020 - 19:03 AMT
ԶԼՄ․ Թուրքիան ԼՂ բնակության է տեղափոխում թուրքոմանների ու արաբների

Թուրքիայի իշխանությունները երկու գրասենյակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող օկուպաված քրդական Աֆրինում՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել ու բնակություն հաստատել ցանկացողների համար, փոխանցում է Afrinpost-ը՝ լավատեղյակ աղբյուրներին հղումով։

Աղբյուրը հայտնել է, որ երկու գրասենյակն էլ տեղակայված են թուրքական հետախուզությանը պատկանող շենքերում։ ԼՂ տեղափոխվելու համար հատկապես նախապատրաստվում են թուրքոման ընտանիքները՝ Հոմսի նահանգից։

Sky News Arabia-ի փոխանցմամբ էլ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հյուսիս-արևելքում իր տիրապետության տակ գտնվող տարածքներից արդեն տեղափոխել է տասնյակ թուրքոման ու արաբ ընտանիքների ԼՂ այն տարածքներ, որտեղից հայերը դուրս են եկել։

Սիրիայի հյուսիսային ու արևելյան շրջանների ներկայացուցիչ Շիվան Հաբուրին հայտնել է, որ ինքը հստակ տեղեկություն ունի սիրիացի ընտանիքների՝ ԼՂ տեղափոխման մասին։ Նրա խոսքով՝ նման գործելակերպը բնորոշ է Թուրքիայի կառավարությանը, որը նախկինում Աֆրինում նույն պրակտիկան է կիրառել և այնտեղ այժմ ապրում է տարածքի բնիկների 7%-ը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։