26 փետրվարի 2009 - 15:25 AMT
Անկարան կարող է օգտվել հայկական լոբբիստների ծառայություններից ԱՄՆ-ում ու Եվրոպայում
Ադրբեջանում արդեն առաջին անգմաը չէ, որ ԶԼՄ-ներում հիստերիա է սկսվում հայ-թուրքական սահմանի բացման առիթով: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը: «Այդպիսով մենք ձգտում ենք թուրք հանրության եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրել Հայաստանի հարցում Թուրքիայի քաղաքականության հանդեպ մեր հանրության արձագանքին: Եվ ԶԼՄ-ներում այդ արշավը դադարում է Թուրքիայի ղեկավարների ելույթից հետո: Եվ այս անգամ եւս նույնը կատարվեց. թուրք վարչապետ Էրդողանի ելույթից հետո, որն ասաց, թե ադրբեջանա-թուրքական հարաբերությունների ռազմավարական կուրսը ոչ մի դեպքում փոփոխություն չի կրի, մեր հասարակության շրջանում աստիճանաբար հանդարտվեց հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված տագնապը»,-ասել է քաղաքագետը:

Նրա խոսքերով, Թուրքիան իր ազգային շահերն ունի, եւ Ադրբեջանի ղեկավարությունը պրագմատիկ տեսանկյունից է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ երկխոսությունը պաշտոնական Երեւանի հետ: «Ես կարծում եմ, որ հենց պրագմատիզմը պետք է իշխի թուրք-ադրբեջանական հարաբերություններում «առաջին սիրո» էյֆորիայից հետո, որը տիրում էր մեր երկրներում ԽՍՀՄ փլուզումից հետո: Թուրքիայի համար մի քանի դրական պահ կա, որոնք կարելի է իրականացնել, եթե նորմալ հարաբերություններ հաստատվեն Հայաստանի հետ: Համագործակցությունն ու մերձեցումը միշտ ավելի շատ լծակներ է տալիս քաղաքական հայացքները փոխելու համար, քան առճակատումն ու փոխադարձ ատելությունը, որը կա թուրք եւ հայ հանրության շրջանում: Սահմանների բացումը թույլ կտա համագործակցության հաստատման միջոցով աստիճանաբար նվազեցնել լարվածությունը երկու երկրների միջեւ եւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Այդ համատեքստում Ադրբեջանը եւս լրացուցիչ հնարավարություն կստանա Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ արդյունավետ երկխոսություն վարելու համար: Համագործակցությունը Հայաստանի հետ կազդի արտերկրում հայկական լոբբիի դիրքորոշման վրա Թուրքիայի հարցում: Գաղտնիք չէ, որ հայերն ու հայ համայնքը դարերով ծառայել են ի նպաստ Օսմանյան կայսրության, եւ այժմ հայկական լոբբիի հակազդեցությունը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում քիչ հոգսեր չի պատճառում Արեւմուտքում թուրքական քաղաքականությանը: Եթե հայկական լոբբին փոխի իր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, ապա պաշտոնական Անկարան կարող է օգտվել հայկական լոբբիստների ծառայություննեից ԱՄՆ-ում ու Եվրոպայում, ինչն, օրինակ, հաջողությամբ անում է Իրանը, որը շատ դեպքերում իր շահերն Արեւմուտքում, հատկապես Եվրոպայում պաշտպանում է հայ լոբբիստների միջոցով»,-ասել է Աղաեւը, գրում է 1news.az-ը: