26 փետրվարի 2009 - 16:07 AMT
Լիբանանի խորհրդարանը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար կգործադրի բոլոր ջանքերը
Մերձավոր Արեւելք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը եւ ասաց, որ խորհրդարանը հավելյալ ջանքեր կգործադրի հարաբերությունների հետագա խորացման նպատակով: Զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացման ուղիները: Երկուստեք կարեւորվեց խորհրդարանականների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացումը:

Բեյրութում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ: Լիբանանի վարչապետը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը, ասաց, որ լիբանանահայ համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է կատարում Հայաստանի եւ Լիբանանի փոխշահավետ համագործակցության զարգացման գործընթացում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ծավալուն իրավապայմանագրային դաշտի կապակցությամբ եւ նշեցին, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում փոխգործակցության հետագա զարգացման համար եւ կարեւորեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որը վերջին նիստը կայացել է 2004 թ.: Էդվարդ Նալբանդյանը նշել է,որ Հայաստանում արդեն գործում են մոտ 50 լիբանանյան ընկերություններ եւ ընդգծել է նոր տնտեսական նախագծերի միջոցով կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: -ԱՊ-