26 փետրվարի 2009 - 16:46 AMT
«Թերզարգացածությունը» փրկեց կապիտալի հայկական շուկան ճգնաժամից
Հայաստանի ֆոնդային շուկայում առաջին IPO կիրագործվի արդեն ընթացիկ տարում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայաստան NASDAQ OMX» Ֆոնդային բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքով, վերջին ժամանակում շատ ընկերություններ բավական բարձր աճ գրանցեցին եւ այսօր արդեն պատրաստ են նոր գործիքներ օգտագործել ներդրումների գրավման համար, մասնավորապես, IPO օգնությամբ: «Եթե 2010թ. մենք ունենանք IPO կիրառող 20 ընկերություն, կարելի է ասել, որ Հայաստանի կապիտալի շուկան բարձր տեմպերով է զարգանում»,- ասել է Արմեն Մելիքյանը: Նրա խոսքով, Հայաստանի կապիտալի շուկան ավելի լավ վիճակում է գտնվում, քան զարգացած երկրներում: «Քանի որ շուկան բավականաչափ զարգացած չէ, համաշխարհային ճգնաժամը թեեւ չի շրջանցի նրան, բայց այնուամենայնիվ չի ունենա այն հետեւանքները, որոնք իրենց վրա զգացել են Եվրոպայի, Ռուսաստանի եւ այլ զարգացած երկրների կապիտալի շուկաները»,- պարզաբանել է նա:

Հայաստան NASDAQ OMX-ի տնօրենը բացատրել է, որ IPO-ն ընկերության ժողովրդականության բարձրացման հաշվին ճանապարհ է բացում դեպի կապիտալի առավել էժան աղբյուրներ եւ թույլ է տալիս նվազեցնել ներդրված ֆինանսավորման արժեքը: