11 դեկտեմբերի 2020 - 15:19 AMT
Ըստ Էրդողանի՝ Պուտինը կողմ է անվտանգության հարթակ ստեղծելու Բաքվի առաջարկին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել տարածաշրջանային անվտանգության ապահովման հարթակի ստեղծման մասին Բաքվի գաղափարին, ուր պետք է մտնեն ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը։ Այդ մասին Էրդողանն ասել է Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը դրական վերաբերվեց այդ գաղափարին։ Հեռախոսազրույցի ժամանակ նա հարցրեց իմ կարծիքը։ Ես պատaսխանեցի, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական վերաբերվեց, ապա կարևոր է, որ ես էլ դրական վերաբերվեի։ Այս թեմայում նույնիսկ Վրաստանն օրակարգ մտավ»,- մեջբերել է էրդողանի խոսքերը Haberturk-ը։

Էրդողանը հայտնել է, որ եթե Երևանը միանա հարթակին, ՀՀ և Թուրքիայի հարաբերություններում «կարող է նոր էջ բացվել»։

Մինչդեռ դեկտեմբերի 10-ին զորահանդեսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել; Նա ասել է նաև, որ զորահանդեսի օրn Էնվեր փաշայի «հոգու լուսավորվելու օրն է»։

Դեկտեմբերի 10 Իլհամ Ալիևը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո Բաքուն և Անկարան պետք է համագործակցության նոր բազմակողմ հարթակ ձևավորեն։