12 դեկտեմբերի 2020 - 12:18 AMT
ՊԲ․ Հարավային դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը հարձակման փորձ է արել, 3 վիրավոր կա

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորում է ստացել 3 պահեստազորային: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ՊԲ հայտարարության մեջ ասվում է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։