Դեկտեմբերի 13-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 820-ից ավելի փախստական, նրանց տեղափոխման անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, փոխանցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել են 825 մարդ։ Ավտոբուսների շարժն իրականացվել և ուղեկցվել է ռուս խաղաղապահների ու ռազմական ոստիկանության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ից նշել են նաև, որ ռուս խաղաղապահները դիտարկումներ են իրականացնում և հետևում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը ԼՂ-ում 23 դիտակետում։
Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 38,300 փախստական։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։