15 դեկտեմբերի 2020 - 18:09 AMT
Մարկեդոնով․ Նոյեմբերի 10 հայտարարությամբ մի շարք խնդիրներ լուծվեցին, բայց նորերն առաջացան

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, մեկնաբանելով իրավիճակն Արցախում, նշել է, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը չի հանդիսանում և չի կարող հանդիսանալ հակամարտության համապարփակ քաղաքական լուծում։ Նա հավելել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ մի շարք խնդիրներ են լուծվել, բայց նորերն առաջացան։

Անդրադառնալով բախումներին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում՝ Մարկեդոնովը նշել է, որ թեև ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ իրավիճակը կայունացել է, այն, այնուամենայնիվ, մտահոգիչ է։

«Որքա՞ն լուրջ էր դեկտեմբերյան սրացումը։ Կարելի՞ է արդյոք խոսել փխրուն ստատուս-քվոյի խարխլման մասին»,-ասել է Մարկեդոնովը Bunik&Co տելեգրամ ալիքին, գրում է «Նովոստի Արմենիան»։

Ըստ Մարկեդոնովի` հայտարարությունը հրադադար է ապահովում և կարգավորման հնարավորություն տալիս, որը դրանից չի դառնում «խիստ կանխորոշված արդյունք»։

«Հայտարարության իրացման բարդությունն այն է, որ այն ենթադրում է լայնածավալ տարածքային փոփոխություններ, կապված ամբողջական շրջաններ ադրբեջանական կողմի վերահսկողությանը հանձնելու հետ։

Այդ իրավիճակում չափազանց բարդ է կանխատեսել նոր բաժանարար գծերի բոլոր զիգզագներն ու կորերը։ Խաղաղապահներին էլ չես կարող ամեն մի թփի մոտ կանգնեցնել։ Տեղի է ունենում տարբեր տարրերի «համակցում»։ ԼՂ դեպքում դրանք ռուս խաղաղապահներն են, ադրբեջանցի ուժայիններն ու զինվորականները, ԼՂՀ կառույցների ներկայացուցիչները։ Արդյունավետ փոխգործակցության և արձագանքման հասնելը բարդ գործընթաց է», - ասել է նա։

Միջադեպերն ու պատահարներն անխուսափելի են»,-ասել է նա։ Նա նշել է նաև, որ խաղաղապահների հետ կապվող հույսերը տարբեր են, և կողմերը իրենց բացթողումները հակված են լինելու նրանց վրա բարդել։ «Սակայն, նոր զինված դիմակայության կանխման այլ, առավել արդյունավետ մեխնիզմներ չեն առաջարկվել։ Դա խոստովանում են այսպես թե այնպես հակամարտության կարգավորման մեջ ներքաշված բոլոր դերակատարները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։