Նորանկախ Հայաստանի «սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից», հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը
«Երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները»,-գրել է Օհանյանը՝ հիշեցնելով, որ Խորհրդային միությունը 30 տարի է՝ գոյություն չունի։
Օհանյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ, չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։
Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին մինչ 17:00-ն Կապանի 13 համայնքի բարձունքները՝ շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Դեկտեմբերի 18-ի կեսգիշերին էլ Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը կոչ էր արել ինքնապաշտպանության գնալ, քանի որ բարձունքները հանձնելով ադրբեջանական ուղիղ հսկողության տակ են հայտնվելու Շուռնուխն ու մի շարք այլ գյուղեր։ Բարձունքներ հանձնելու լուրերին զուգահեռ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարել էր, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։