18 դեկտեմբերի 2020 - 15:18 AMT
Հայրենիքի փրկության շարժում․ Կուբաթլուի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնումը դավաճանություն է

Կուբաթլուի (Որոտան) և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնումը դավաճանություն է, քանի որ եռակողմ հայտարարության մեջ ասվում է միայն Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների և Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (Լաչինի նախկին շրջան) հանձման մասին, հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը։

«ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմը` (վարչապետ) Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին հանձնում է նաև այն տարածքները, որոնց մասին որևիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ: Այս հայտարարության մեջ որևէ կետում անգամ ակնարկ չկա Կուբաթլուի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնման մասին, ընդ որում՝ նոյեմբերի 10-ի դրությամբ պահպանվում էին այդ շրջաններից որոշակի մասեր և կարևորագույն դիրքեր, որոնք երաշխավորում էին Սյունիքի, այդ թվում` Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կապան քաղաքի հարակից գյուղերի անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե փորձ է արվում «ոչ միայն խայտառակ ձևով մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլև կախվածության մեջ դնել ՀՀ անվտանգությունը Ադրբեջանի քմահաճույքից՝ հանձնելով Զանգելանի և Կուբաթլուի նախկին շրջաններից մնացած հատվածները, որոնք Սյունիքի անվտանգության երաշխիքներ էին»:

Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին մինչ 17.00-ն Կապանի 13 համայնքի բարձունքները՝ շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Դեկտեմբերի 18-ի կեսգիշերին էլ Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը կոչ էր արել ինքնապաշտպանության գնալ, քանի որ բարձունքները հանձնելով ադրբեջանական ուղիղ հսկողության տակ են հայտնվելու Շուռնուխն ու մի շարք այլ գյուղեր։ Բարձունքներ հանձնելու լուրերին զուգահեռ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարել էր, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։