27 փետրվարի 2009 - 21:22 AMT
ՀՀ Ոստիկանության պետը համաձայն չէ ԱՄՆ Պետական դեպարտամենտի եւ Human Rights Watch փորձագետների հետ
2008թ. Հայաստանի ոստիկանությունը մեծ աշխատանք կատարեց հասարակական կարգուկանոնի պահպանման համար: Այդ մասին այօսր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով, 2008թ. ծայրահեղ լարված է եղել, բայց աճել է բացահայտված հանցագործությունների թիվը, ընդ որում հատուկ ուշադրություն է հատկացվել «գաղտնի վիճակում» գտնվող հանցագործություններին:
Մեկնաբանելով ԱՄՆ Պետական դեպարտամենտի գնահատականները եւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը Հայաստանի մասին, որոնցում նշված է, որ մարտի 1-ին ոստիկանությունը ավելորդ ուժ իրառեց` ոստիկանության պետը նշել է, որ չի կիսում այդ բնորոշումների հեղինակների կարծիքը եւ չի համարում, որ ոստիկանությունը բռնի մեթոդներ է կիրառել: Նա ընդգծել է, որ ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում:
Ավելի մանրամասն անդրադառնալով մարտի դեպքերին` Ալիկ Սարգսյանը նշել է, որ օպերատիվ իրադրության հանդեպ հսկողության բացակայության պատճառով ոստիկանությունն ինքն է դարձել կատարվածի զոհը: Նրա խոսքով, ոստիկանությունն այդ պահին պատրաստ չէր, չկարողացավ կողմնորոշվել եւ շատ դանդաղ էր գործում, նա չօգտագործեց իր բոլոր հնարավորությունները: «Մենք ինքներս ենք այդ դեպքերի զոհը, մենք նույնպես կորուստներ ունենք: Ես քաղաքացիներին կոչ եմ անում մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը հարգել քաղաքակիրթ ձեւով եւ չհետեւել որոշակի քաղաքական ուժերին»,- ավելացրել է նա:
Խոսելով ընդդիմության ցույցի մասին, որը ծրագրված է մարտի 1-ին` գեներալ-մայոր Սարգսյանը ընդգծել է, որ ոստիկանությունը պատրաստ է դրան եւ ոչ մի ապօրինի երթեր, փողոցների փակում եւ հասարակական կարգուկանոնի այլ խախտումներ թույլ չի տա: «Թե ինչ գնով` դա արդեն մեր խնդիրն է: Մենք աջակցելու ենք օրիանականությանն ու իրավակարգին»,- հայտնել է նա: