2021-ին Ադրբեջանի պետական բյուջեից պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, դատական ու իրավապահ մարմիններին հատկացվող գումարը կկազմի 6․6 մլրդ մանաթից ($4 մլրդ) ավելի, ինչը 16․3%-ով ավելին է, քան 2020-ին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Ընդ որում՝ 2021-ին պաշտպանությանը և ազգային անվտանգության ամրապնդմանը հատկացվող ֆինանսական հոսքերը կկազմեն 4․5 մլրդ մանաթ ($2․7 մլրդ), ինչը 20․5%-ով ավելին է, քան 2020-ին։
Բացի այդ, 2021-ին նախատեսվում է 2․1 մլրդ մանաթ ($1․23 մլրդ) կապիտալ ծախսեր՝ Ադրբեջանի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար։
Հայաստանում ծրագրված է պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի 16.9%-ը՝ 312 մլրդ դրամ: Նախորդ՝ 2020-ի համեմատ աճը կազմում է 1.3%:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։