23 դեկտեմբերի 2020 - 20:00 AMT
Բաբայան․ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կբացվի՝ ավելի մեծ ինքնաթիռներ կընդունի

Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կբացվի։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Օդանավակայանի գործարկման հստակ ամսաթիվ դեռևս չեմ ուզի նշել, սակայն այն կսկսի աշխատել մոտ ապագայում։ Բայց մի բան հստակ է՝ այն ավելի մեծ կլինի և ավելի մեծ ինքնաթիռներ կընդունի, քան նախկինում»,-ասել է Բաբայանը՝ մեկնաբանելով Տելեգրամ-ալիքներում տարածված հաղորդագրությունները, թե օդանավակայանը նախատեսվում է բացել դեկտեմբերի 25-ին։

Ըստ Արցախի նախագահի խորհրդականի, Ստեփանակերտի օդանավակայանը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա ոչ միայն Ղարաբաղի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

«Եվ, բնականաբար, այն կնպաստի Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հումանիտար վերականգնմանը»,- ասել է Բաբայանը։

Ավելի վաղ ռուս խաղաղապահների Տելեգրամ-ալիքում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանին հարող տարածքն ամբողջությամբ ականազերծվել է, իսկ օդանավակայանը «ինժեներական և տեխնիկական տեսակետից լիովին պատրաստ է աշխատանքի բնականոն ռեժիմի»։