24 դեկտեմբերի 2020 - 11:04 AMT
ԿԽՄԿ․ Աճյունների նույնականացման գործընթացը ժամանակատար է

ԼՂ հակամարտության կողմերը շարունակում են դուրս բերել և վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ և ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոք մարդասիրական միջնորդի ներկայությամբ։ Այդ մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ նույնականացման ամբողջ գործընթացը բավականին ժամանակատար է։

«Դա ցավալի է ընտանիքների համար, սակայն մեծ համբերատարություն է հարկավոր, որպեսզի այս գործընթացի պատասխանատուները ճշգրիտ արդյունքներ ստանան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ երբ կողմերը համաձայնվում են աճյունների դուրսբերման գործողության շուրջ, ԿԽՄԿ-ին հրավիրում են մասնակցելու՝ որպես դիտորդ։

«Մենք չենք որոշում գործողությունների անցկացման վայրն ու ամսաթիվը։ Աճյունների դուրսբերումը նույնականացման գործընթացի ընդամենը մի մասն է։ Նախքան որոնողական գործողությունները՝ զոհվածների և նրանց ներկա գտնվելու վայրի մասին տվյալներ են հավաքագրվում և վերլուծվում։ Դուրսբերումից հետո աճյունները հետազոտվում են դատաբժշկական փորձաքննության հաստատությունում։ Կախված իրավիճակից՝ կարող են լինել տարբեր տեսակի վերլուծություններ։ Նույնականացման իրավական քայլը հաջորդում է նախորդներին։ Նույնականացման գործընթացի բոլոր անհրաժեշտ քայլեր կատարելուց և դրական նույնականացումից հետո միայն զոհվածների աճյունները կարող են վերադարձվել իրենց հարազատներին», – ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։