Պատերազմի ավարտից հետո Արցախ է վերադարձել ավելի քան 43,000 փախստական, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 488 փախստական։ Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ՌԴ խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։
«ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ։ Իրականացվում է շուրջօրյան մշտադիտարկում և հսկվում է հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով շահառու դարձած քաղաքացիներին։ Հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։